Դժվարությունները հաղթահարելի են, եթե կա սեր և ձգտում. Լուիզա Մուրադյան

11:35 | 21.12.2018

Դժվարությունները հաղթահարելի են, եթե կա սեր և ձգտում. Լուիզա Մուրադյան

Երգարվեստի բարդ ու դժվարին ուղին ընտրում են միայն աստվածաշնորհ մարդիկ: Երգը նրանց համար ոչ թե հոբբի է կամ ուղղակի զբաղմունք, այլ հոգեվիճակ, ապրելակերպ: Այն իրենց մի մասնիկն է, առանց որի նրանք չեն պատկերացնում իրենց հետագա կյանքը: Երգչուհի Լուիզա Մուրադյանը հենց այդպիսի մարդկանցից է:

-Լուիզա, հակիրճ պատմեք Ձեր մասին՝ որտե՞ղ եք ծնվելի՞նչ կրթություն եք ստացել և մասնագիտական ի՞նչ  գործունեություն եք ծավալել:

-Ծնվել, մեծացել և ապրում եմ Արտաշատ քաղաքում: Սովորել և ավարտել եմ երաժշտական ուսումնարանի ջազ-էստրադային վոկալ բաժինը, մասնակցել եմ բազմաթիվ համերգների, հեռուսատեսային նախագծերի, մրցույթների, ունեցել որոշակի հաջողություններ:

-Ինչպե՞ս ստեղծվեց  «Կյանքիս իմաստ»  երգըԿա՞ նախապատմություն

-Երգը ստեղծվել է դեռ 10 տարի առաջ, երաժշտությունը գրել է քույրս` Լիանա Մուրադյանը, իսկ խոսքերը՝ ես: Երգի հիմքում ընկած է իրական սիրո պատմություն:

-Երգը երկկողմանի սիրո մասին էԴուք սիրահարվա՞ծ եք:

-Այո, երգը փոխադարձ սիրո մասին է, կարծում եմ՝ պետք է պարզ լիներ երգից, որ միայն սիրահարված մարդն է ունակ նմանօրինակ տեքստ գրելու, և դրա համար էլ որոշեցի փոխանցել զգացածս ու, կարծում եմ, շատ շատերի սրտին հարազատ կլինի այն:

-Ի՞նչ հաջողություններ եք գրանցել երգարվեստում  և ո՞րն է եղել ամենատպավորիչը:

-Ամենափոքր քայլն անգամ ինձ համար շատ կարևոր է եղել, ինչ որ տեղ՝ որոշիչ, և ինչ որ տեղ՝ բեկումնային: Դրանք հետզհետե վերածվել են հաղթանակների:

Բազմաթիվ հեռուստատեսային նախագծերին մասնակցությունն ու որոշակի հաջողություններ գրանցելն ինձ մեծ ուժ է տվել, բայց ամենից տպավորիչը կարելի է համարել «Իմ տաղանդավոր ընտանիք»-ը նախագծի եզրափակիչ փուլում հանդես գալն ու «Ստեղծագործող ընտանիք» անվանակարգին արժանանալը: Ի դեպ, այդ նախագծում քույրիկիս մասնակցությունը ևս կար, քանի որ նախագծի ընթացքում մեծամասամբ հենց նրա գրած երգերն ենք ներկայացրել:

-Ի՞նչ ոճով եք ներկայանալու Ձեր լսարանին:

-Կարծում եմ՝ մարդ պիտի հանդես գա այն ոճով, որն ամենից շատն է իրեն հարազատ, և որն ավելի լավ է ստացվում իր մոտ, կոնկրետ ես ինձ լիարժեք եմ զգում հենց էստրադային և, առավելապես, ջազային ժանրի մեջ: Իհարկե, տարիների ընթացքում տարբեր ոճերում, նույնպես, ես ինձ փորձել եմ, որոշ բաներ բացահայտել ինքս իմ մեջ, բայց,  քանի որ, ունեմ պահպանողական բնավորություն, ինձ դժվար է հարմարվել այնպիսի ոճերի հետ, որոնք հակասում են ինձ:

-Երգարվեստում ի՞նչն է Ձեզ համար կարևորը:

-Որակյալ երգերի պահանջարկը կուզեի բարձրանար, կուզենայի նաև, որ արժեք ներկայացնող երգերը գերիշխեին ավելի շատ: Ժանրն, այս դեպքում, այնքան էլ էական չէ: Ավելի շատ մատուցման ձևն է կարևոր:

-Աստղային հիվանդությունը սպառնու՞մ է Ձեզ:

-Ըստ իս` աստղային հիվանդության հիմքում ընկած է տգիտությունը, դատարկությունը, ինչպես ասել է մեր հիասքանչ գրողներից` Պ.Սևակը «դատարկ մարդն է գոռոզանում»… Քանի որ, ես առաջնորդվում եմ իրական քրիստոնյա դառնալու սկզբունքով, տվյալ հիվանդության համախտանիշ նկատելու դեպքում անգամ պայքարում եմ, որպեսզի այն չվերածվի «անբուժելի և կործանարար հիվանդության»: Թեև ինձ ճանաչող մարդիկ կփաստեն, որ ես անմիջական, շփվող ու տեսակով շնորհակալ մարդ եմ, և, որպես այդպիսին, այդ հիվանդության հետ կապ չունեմ : Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր անցնում են ճանապարհ, հասնում որոշ բարձրունքերի հենց իրենց լսարանի, տվյալ մարդկանց ոգևորության շնորհիվ և ուրանում նրանց վերաբերմունքը: Երկար չի կարող տևել նման մարդկանց «ստեղծագործական կյանքը», բայց մյուս կողմից էլ ուզում եմ ասել, որ չափից դուրս «հասարակ» լինելն էլ կարող է չգնահատվել, և ինչպես ամեն տեղ, այստեղ նույնպես պետք է պահել ոսկե միջին ասվածը:

-Ի՞նչ անելիքներծրագրեր ունեք  ապագայում:

-Քանի որ տարեվերջ է, այս տարվա առումով իմ անելիքներն ու ծրագրերը համարենք իրականացած, որովհետև տարվա սկզբում, ես ինքս ինձ խոստացա, որ այս տարվա մեջ պետք է անպայման ներկայացնեմ «Կյանքիս իմաստ» երգը և, Աստծո կամոք, իրականացրեցի այն: Ինչ վերաբերում է 2019 թվականին և հետագա անելիքներին, դրանք նույնպես շատ-շատ են, բայց չեմ ուզում փակագծերը բացել, հերթականությամբ կիրակացնեմ, ըստ այդմ էլ` կներկայացնեմ:

-Շոուբիզնես մտնելու մտադրություն ունե՞քՉե՞ք վախենում դժվարություններից:

-Մենք շոուբիզնես չունենք Հայաստանում: Կարծում եմ՝ ոլորտի բոլոր մարդիկ էլ կհամաձայնեն ինձ հետ այդ առումով: Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, բայց ես կարիերիստ չեմ իմ տեսակով և կոնկրետ գերնպատակ չկա, որ ամեն գնով ու պարտադիր պետք է մտնեմ այդ դաշտ, տեսնենք ինչպես կստացվի, ունեմ սկզբունքներ, որոնց չեմ դավաճանի, և եթե լինի այնպես, ինչպես իմ սրտով է ու ինձ հոգեհարազատ, միմիայն ուրախ կլինեմ: Դժվարությունները հաղթահարելի են, եթե կա սեր և ձգտում, այնպես որ, չէ, չեմ  վախենում:

-Եթե, այնուամենայնիվ, մտնեք շոուբիզնես, ի՞նչն  առաջինը կփոխեք այդ ասպարեզում:

-Շատ բաներ կան իհարկե: Կարծում եմ՝ ժամանակի հարց է և կկարգավորվի ամենը: Բայց ավելի շատ, ըստ իս, պրոպագանդելու մեջ է հիմնական խնդիրը: Տվյալ դեպքում ունենք լավ  և որակյալ երաժշտության տարածման խնդիր, բայց այսօրվա պատկերն այլ է: Գիտեմ, որ կոմերցիոն բնույթով է դա ավելի շատ պայմանավորված, բայց ես կուզեի, որ կոմերցիոն հասկացողության չափանիշները փոխվեին:  Կարծում եմ՝ շատ բան իր տեղը կընկներ այդ ժամանակ:

-Ի՞նչ երազանքներ ունեքԱրդյո՞ք երազել եք աշխարհահռչակ երգչուհի դառնալու մասին:

-Աշխարհահռչակ երևի չէ: Ես մի քիչ «իրատեսական» երազող եմ, շատ լավ գաղափարներ և մտքեր կան, որոնք ուզում եմ անպայման իրականացնել: Աստծո կամքով, հուսով եմ՝ կլինի, բայց բարձրաձայնել չեմ սիրում, միմիայն գործելուց հետո կներկայացնեմ:

-Ի՞նչ կմաղթեք  Ձեր  երկրպագուներին:

-Մինչ իմ լսարանին որևէ բան մաղթելն ուզում եմ ասել, որ շատ-շատ սիրում եմ յուրաքանչյուրին, և շնորհակալ եմ մշտապես ինձ  ոգևորելու, ուժ տալու և անսահման ջերմություն փոխանցելու համար: Եվ, քանի որ, առաջիկայում դիմավորելու ենք 2019 թվականը, կուզեի շնորհավորել իրենց և մաղթել, առողջություն, սեր, խաղաղություն և ամենայն բարիք:

Հարցազրույցը՝ Լուսինե Փիլոյանի

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք