Bloomberg–ի վերլուծաբանների կանխատեսումը 2019 թվականին. Համաշխարհային քաղց եւ կլիմայական աղետներ

16:53 | 19.12.2018

Bloomberg–ի վերլուծաբանների կանխատեսումը 2019 թվականին. Համաշխարհային քաղց եւ կլիմայական աղետներ

Bloomberg գործակալությունը հրապարակել է «վատատեսական գիդ»՝ 2019 թվականի վերջին գրեթե ամբողջ աշխարհում պարենի պակասություն կանխատեսելով։ Կլիմայական անոմալիաները, հայտնի Էլ Նինյո անունով, կբերեն ջրհեղեղների, անտառային հրդեհների, գլոբալ քաղցի, միջազգային հակամարտությունների, կավելանա փախստականների թիվը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Անհանգիստ մանուկ

Սարսափելի աղետները հիմնված են օդերեւութաբանների կանխատեսումների վրա այն մասին, որ այս ձմռանը կրկին կառաջանա Էլ Նինյոյի էֆեկտը (իսպաներենով «մանուկ»)՝ Խաղաղ օվկիանոսում ջրի ջերմաստիճանի անոմալ բարձրացումը, որը կազդի ամբողջ մոլորակի կլիմայի վրա։ Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը   հայտնել է, որ Էլ Նինյոյի հավանականությունը մոտակա երեք ամիսներին 75-80 տոկոս է։ «Մանուկը» 90 տոկոս հավանակությամբ կհայտնվի հունվարին։  

Սովորաբար այն շարունակվում է 6-8 ամիս, սակայն կարող է ձգվել մեկ կամ երկու տարով։ Ամեն դեպքում 2019 թվականի վերջին աշխարհը կբախվի Էլ Նինյոյի անցանկալի հետեւանքների՝ հորդառատ անձրեւներ եւ հեղեղումների Հարավային Ամերիկայում, զանգվածային երաշտ՝ Աֆրիկայում, Արեւելյան եւ Կենտրոնական Ասիայում, Ավստրալիայում, Ինդոնեզիայում եւ Ֆիլիպիններում։

Կլիմայական անոմալիաների հետեւանքով առաջացած անբերքատվությունը կավելացնի քաղաքական բախումների թիվը. Համարվում է, որ Էլ Նինյոյի տարիներին քաղաքացիական պատերազմների ռիսկը  երկու անգամ ավելանում է։ Բացի այդ, արեւադարձին մոտ տեղակայված երկրներում Էլ Նինյոյի պատճառով մոծակներից փոխանցվող հիվանդությունների համաճարակներ կառաջանան՝ մալարիաներ, Մլակային տենդ, Ռիֆտ հովտի տենդը եւ այլն։

Հրեշտակներ եւ հրեշներ

Bloomberg–ի սցենարով՝ Էլ Նինյոն ուժեղացող գլոբալ տաքացման հետ համատեղ 2019 թվականը ամենատաքը կլինի դիտարկման ամբողջ պատմության ընթացքում։ Անտանելի շոգը կոչնչացնի հացահատկի մշակաբաւյսերի դաշտերը Ավստրալիայում, իսկ անձրեւները, որոնք տեղում են Բրազիլիայի գյուղատնտեսական շրջաններում, կփոխարինվեն երաշտով, որի հետեւանքով կոչնչացվեն սոյայի ու եգիպտացորենի բերքի առյուծի բաժինը։

Արեւելյան Ասիայում, հակառակը, հորդառատ անձրեւներ կտեղան, կփչանա բրինձի բերքը խաղաղօվկիանոսյան առափնյա շրջաններում Ճապոնիայից մինչեւ Հնդկաստան։ Արդյունքում պարենի համաշխարհային պաշարները հաջորդ աշնանը կտրուկ կկրճատվի եւ շատ երկրներ կբախվեն քաղցի հեռանկարին։

Էլ Նինյոյի հետեւանքներից, գործակալության վերլուծաբանների կանխատեսումներով, չեն տուժի 4 երկրներ՝ Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ եւ Կանադա: Bloomberg–ում վստահ են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այդպիսի իրավիճակում կարգելի հացահատիկ արտահանել, որ «ցորենը ավելի լավ է տանը օգտագործել»։  

Թուրքիային ռուսական հրթիռային համակարգերի մատակարարումների պատճառով ՆԱՏՕ–ն ստիպված կլինի արգելափակել թուրքական նեղուցները, վերջնականապես պարալիզացնելով ուկրաինական հացահատկի մատակարարումը Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա։  

Համապատասխանաբար, հացահատկի համաշխարհային գները կհասնեն ռեկորդային մակարդակի։ Աղքատ երկրները չեն կարողանա պարեն գնել նոր գներով, Արեւելյան եւ Հյուսիսային Աֆրիկայում հումանիտար աղետներ կսկսվեն։ Հացահատիկների խոշոր ներկրող  Եգիպտոսում սարսափելի անկարգություններ կսկսվեն, ինչպես 2011 թվականի ապստամբությունները։   

Ուշագրավ է, որ ըստ Bloomberg-ի վարկածի՝ ԱՄՆ նախագահն իրեն Ռուսաստանի նախագահից ամենեւին ավելի լավ չի դրսեւորի: «Թրամփը շուկաներ բացելու եւ աշխարհին կերակրելու հնարավորություն ուներ,- նշում են գործակալության վերլուծաբանները: - Կամ էլ՝ կարող էր վերջնականապես իրենց տեղը նստեցնել այն երկրներին, որտեղ իրեն հաճախ են ծաղրել եւ հրաժարվել են իր սնապարծությունը լուրջ ընդունել: Բայց նա հրապարակեց հաջորդ թվիթը. «Խաղասեղանին է մեր ազգային անվտանգությունը, եւ ես այսօր հրամանագիր կստորագրեմ, որով առաջին տեղը տրվում է ամերիկյան պարենամթերքին: Մեր բերքը կմնա տանը»:

Այսպիսով, ամերիկացի ֆերմերները կզրկվեն հացահատիկի արտահանմամբ ռեկորդային եկամուտներ ստանալու հնարավորությունից: Թրամփը որպես փոխհատուցում նրանց կհատկացնի 50 մլրդ դոլարի սուբսիդիաներ, ինչը է՛լ ավելի կծանրացնի ամերիկյան բյուջեի պակասուրդի խնդիրը:

Սցենարի հեղինակները մարդկության փրկչի դերում տեսնում են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որը կհրամայի «միլիարդավոր դոլարի» պարեն ուղարկել սովի մատնված երկրներ: Ինչի շնորհիվ նոր ժամկետով կվերընտրվի «մեծ տարբերությամբ» եւ կարժանանա Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների թվում ընդգրկվելուն:

Իրականությանն ավելի մոտ

Bloomberg-ը շեշտում է, որ արդեն տեղի են ունեցել կլիմայական բոլոր աղետները, որոնք կապված են Էլ Նինյոյի հետ եւ նկարագրված են վերլուծաբանների սցենարներում: Իհարկե, տարբեր տարիների:

1977 եւ 2011 թվականներին Եգիպտոսը վերապրեց հացի դաժանագույն խռովությունները: 1993 թվականին Ճապոնիայում տեղատարափ անձրեւները ոչնչացրեցին բրինձի փաստացի ամբողջ բերքը, երկրի պատմության մեջ առաջին անգամ ստիպված էին ներմուծել գլխավոր պարենային մշակաբույսը:

2006-ին Էլ Նինյոյի բերած երաշտի պատճառով պարենը կտրուկ թանկացավ՝ տասնյակ երկրներով անցան սովի խռովությունները: 2010-ին «Մանուկի» հաջորդ այցելության ժամանակ Բրազիլիայում երաշտը ոչնչացրեց եգիպտացորենի եւ սոյայի փաստացի ամբողջ բերքը, իսկ Ռուսաստանը ցորենի արտահանման արգելք սահմանեց:

Բավականին մեծ է հավանականությունը, որ մեկ տարում տեղի կունենան այդպիսի մի քանի համաղետներ: Սակայն նախքան հոռետեսության մեջ հայտնվելը, անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի պահ: Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության կանխատեսումներով՝ հաջորդ տարի Էլ Նինյոն ուժգին չի լինի: Խաղաղօվկիանոսյան ջրի ջերմաստիճանի բարձրացումը սպասվում է 1,2 աստիճանի սահմաններում: Նախկինում տաքացել է 5-8 աստիճանով:

ՄԱԿ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կանխատեսումներով՝ 2019 թվականին Էլ Նինյոյի պատճառով պարենի մատակարարման դժվարություններ կունենան միայն հետեւյալ երկրները. Հարավային Ամերիկայում՝ Հոնդուրասը, Կոլումբիան եւ Վենեսուելան, Կենտրոնական Աֆրիկայում՝ Կոնգոն, Ասիայում՝ Աֆղանստանը եւ Պակիստանի հյուսիսային շրջանները: Ցուցակում ներառված չեն ո՛չ Ավստրալիան, ո՛չ Բրազիլիան, ո՛չ պարենի այլ խոշոր արտադրողները:

Ինչ վերաբերում է գլոբալ պարենային ճգնաժամի պայմաններում համաշխարհային առաջնորդների վարքագծին, այս սցենարներն ամբողջությամբ մնում են հոդվածի հեղինակների խղճի վրա:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք