Հայտնի են ՀՀ-ում ԵՄ-ի պատվիրակության հատկացրած դրամաշնորհներից հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող անձինք

13:57 | 27.04.2017

Հայտնի են ՀՀ-ում ԵՄ-ի պատվիրակության հատկացրած դրամաշնորհներից հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող անձինք

Քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ:

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ եւ համատեղ գնահատմամբ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ՝ Տիգրան Սուքիասյանը, Գեւորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը,  Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաեւ Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը եւ Գեղամ Պետրոսյանը։ Վերջին երեք անձի՝  Գյոնջյանի, Գարիկ Չիլինգարյանի եւ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Գովազդային տարածք