Տիգրան Ուրիխանյան. Վարկային ամունիստյան պարզապես անհրաժեշտություն է …

10:57 | 24.02.2017

Տիգրան Ուրիխանյան. Վարկային ամունիստյան պարզապես անհրաժեշտություն է …

Ապրիլի 2-ին՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Ծառուկյան դաշինքը ձևավորվեց ԲՀԿ, Ալյանս և Առաքելություն կուսակցությունների կողմից, որին միացան նաև այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Ալյանս ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը Ծառուկյան դաշինքի համամասնական ընտրացուցակում 7-րդն է ու առաջադրվել է նաև մայրաքաղաքի թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Աջափնյակ, Դավիթաշեն և Արաբկիր համայնքները: Տիգրան Ուրիխանյանի հետ զրուցում ենք դաշինքի, 15 առաջնահերթությունների և ռեյտինգայինով խորհրդարանական ընտրություններին մասնակցության մասին:

– Պարոն Ուրիխանյան, Ծառուկյան դաշինքը փաստորեն ձևավորվեց ԲՀԿ և Ձեր ղեկավարած Ալյանս կուսակցությունների կողմից, որին միացավ նաև Առաքելություն կուսակցությունը: Մինչ դաշինքի մասին համաձայնագրի ստորագրումը, խոսվում էր տարաբնույթ այլ կուսակցությունների միավորման մասին, մամուլը խոսում էր նաև Ձեր և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների մասին … Ինչպիսի՞ մեկնարկային վիճակ է հիմա Ալյանսում և Ծառուկյան դաշինքում՝ առհասարակ:

– Կարծում եմ՝ բոլորը համոզվեցին, որ Ալյանսն արտախորհրդարանական ուժերից թերևս ամենամարդաշատ և ակտիվ կուսակցություններից մեկն է: Չնայած՝ երկարամյա, համառ, տեղեկատվական բացարձակ շրջափակման պայմաններին, որ մեզ ենթարկել էր իշխանական շահագրգիռ թևն՝ իր պետական լրատվամիջոցներով, երբ իմ պատգամավորական գործունեության 5 տարիներին, բացառությամբ մեկ դեպքի, չարժանացա Հանրային հեռուստաընկերության ուշադրությանը: Այդ մասին բազմաթիվ բողոքներից և ԱԺ բարձր ամբիոնից հարցապնդումներիցս հետո ևս մեկ անգամ վերջին շրջանում անդրադարձ եղավ միայն:

Չնայած այդ ամենին, 1017 քաղաքացիներով հիմնադրվեց կուսակցությունն ու կայացավ, հանրության մեջ ունի իր ասելիքն ու տեղը: Ամենակարևորը՝ պահպանեցինք քաղաքական ուղեգծի անփոփոխելիությունը: Համոզված եմ, որ մեր թիմը, նրա որակն ու գործունեության անշեղությունը հանգեցրեց այն բանին, որ 2017 թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցող գլխավոր ուժերից մեկը՝ Ծառուկյան դաշինքը, ձևավորվեց հենց՝ Ալյանսի հետ դաշինք կազմելով:

Ինչ վերաբերում է միջանձնյա հարաբերություններին, ապա ես երբեք չեմ հեռացել Գագիկ Ծառուկյանից, այլ՝ ԲՀԿ-ից, որովհետև այն ինձ համար առանց Գագիկ Ծառուկյանի ընկալելի չէ, բացատրելի չէ և հիմնավորելի չէ: Ընդհակառակը Ալյանսը՝ համագումարով հիմնադրման, սոցիալական, իրավական, տնտեսական, հետևաբար նաև՝ քաղաքական կտրուկ փոփոխությունների անհրաժեշտությունը իրականացնելու նպատակներ է հետապնդում և հետապնդել: Միավորումն արդարացված էր, որովհետև, բնականաբար, մենք չունենք այդքան ռեսուրս՝ նյութական, նյութատեխնիկական և մարդկային, որպեսզի կարողանայինք միայնակ գնալ ընտրությունների: Ալյանսն՝ ի դեմս ինձ, ընդամենը մեկ պատգամավորով է ներկայացված այսօրվա գործող խորհրդարանում: Այժմ՝ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում, եթե հանրությունը տա իր վստահության քվեն, ապա միասին կկարողանանք իրագործել մեր ծրագրերը:

– Ծրագրային դրույթներից առայժմ ներկայացվել է առաջնահերթ համարվող 15 քայլերը: Դրանց կազմման և առաջնահերթությունների որոշման գործում մասնակցություն ունի՞ Ալյանսը, և մեկուկես տասնյակից որո՞նք են Ձեզ համար ամենաառաջնայինները:

– Ազգային անվտանգության մակարդակի է հասել գործազրկությունն ու ընչազրկությունը մեր հասարակության մեջ, նույնպես՝ արտագաղթը, իրավական խնդիրներն ու սոցիալական անարդարության ահագնացող զգացումը, անելանելիությունը, որի մեջ է Հայաստանի բնակչության մեծ մասը: Այդ պայմաններում ակնհայտ է, որ ռադիկալ քայլեր են անհրաժեշտ և հեղափոխություն տնտեսության մեջ, ինչը Ծառուկյան դաշինքն է առաջարկում:

Անձամբ եմ մասնակցել ծրագրի նախապատրաստմանն ու մշակմանը և մեղմ ասած՝ շատ մեծ է իմ մասնաբաժինն այն դրույթների կազմման գործում, որոնք առաջարկել եմ: Հատկապես՝ տնտեսական – հեղափոխական քայլերից կառանձնացնեի արդար, հավասար նյութական միջոցների, բարիքների վերաբաշխման համար օբյեկտիվ հնարավորությունների ստեղծումը: Ավելի պարզ ասած՝ Սիգապուրի, Ավստրիայի, հարևան Վրաստանի օրինակները կան, երբ ազատություն է տրվում փոքր և միջին ձեռնարկությունների ստեղծմանը, և դրանք առավելագույնս պետք է ազատվեն խեղդող հարկային պարտավորվածություններից, պետության նկատմամբ որևէ պարտավորությունից: Փոքր և միջին ձեռնարկություններին պետք է ազատել վարչարարություններից, ավելորդ գրանցումներից: Դա չի նշանակում, որ նրանք ազատվում են հաշվառումից, որի հարցում քննադատություններ են հնչում: Պետությունը պետք է միայն հաշվառի, իսկ փոքր և միջին ձեռնարկություններն աշխատեն ազատ, կազմակերպեն, օրինակ. բանջարաբոստանային բերքի ազատ առևտրի կետեր, վարսավիրանոցներ, փոքր արտադրություններ, խանութներ, ծառայություններ, ուրույն արտադրատեսակներ:

Բացի այդ, անհրաժեշտ է վարկային բեռի իջեցում և վարկային ամունիստիա: Սրանք այն մահակներն են, որ կարծես կախված են այն մարդկանց գլխավերևում, որոնց անգամ ինքնազբաղվածությունն է սահմանափակվում այսօր: Որոշ դեպքերում մասնակի, մյուսներում՝ մասսայական համաներում է անհրաժեշտ այս համակարգում, վերացնել՝ որևէ տրամաբանության չենթարկվող միջնորդական տոկոսային վճարումները, որ սահմանվում են բանկերի կողմից: Փոխարենը՝ պետք է ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրվի պետության կողմից, դրանով բարձրացվի և ավելացվի պետության պարտավորվածությունն արտաքին աշխարհում: Վարկային ամունիստյան պարզապես անհրաժեշտություն է …

Մեր տնտեսագետներն են հավաստում ու այդ ամենը համոզիչ է, որ եթե քաղաքացին չի կարողանում սպասարկել վարկն ու մուծել հարկերը, ապա նա սահմնափակվելու է, փակվելու փ ՓՄՁ-ն, իսկ գրավադրված գույքն անցնելու է բանկերին՝ առաջացնելով պասիվներ, փոխարեն՝ առկա ակտիվ ու շրջանառության մեջ գտնվող դրամական միջոցների, հետևաբար՝նաև բանկը չի ստանալու եկամուտ: Այսինքն՝ կորցնելով աշխատատեղ, կորցնում ենք նաև մարդու սեփականությունը, շահույթ ստանալու հնարավորությունը, շուկայի ակտիվությունը … և այլն:

Ինձ համար կարևորագույն դրույթ է նաև կրթության ոլորտի հետ կապվածը. Հսկա դժգոհություն կա կապված՝ ավագ դպրոցի հետ, աշակերտների տարիքայինից սկսած և սոցիալականով ավարտած խնդիրները, և բնականաբար, կրթության որակի հարցը:

– Պարոն Ուրիխանյան, Դուք գործող խորհրդարանում այն եզակի պատգամավորներից եք, ումից գրագետ, ամբողջական խոսք կարելի է լսել, սակայն առաջադրվել եք ռեյտինգային ընտրաձևով, այն էլ՝ մի ընտրատարածքում, որտեղ օլիգարխներն են մրցապայքարում: Ո՞րն է տրամաբանությունը, ինչի՞ վրա եք ինքներդ հույս դրել, և ինչպիսի՞ քարոզարշավ եք իրականացնելու:

– Գիտեք, որ ներկայացված եմ նաև Ծառուկյան դաշինքի համամասնական ընտրացուցակում՝ 7-րդն եմ: Տրամաբանությունը կարճ և կոնկրետ է՝ շահագրգիռ եմ անձնական վարկանիշս արտաբերելու դաշինքի ընդհանուր քվեի վրա: Ցանկանում եմ ապավինել ոչ միայն Գագիկ Ծառուկյանի վարկանիշին՝ ի դեմս համամասնական ընտրացուցակի, այլև՝ ինքնադրսևորվել նաև անձնական կազմակերպված աշխատանքի արդյունքում, ինչպես նաև՝ կողմնակիցներիս, համախոհներիս, թիմակիցներիս մեկտեղել և ներկայացնել իրենց աշխատանքը:

Ինչո՞ւ հենց այս տարածքներում, որովհետև պարզ վիճակագրությամբ Աջափնյակը, Դավիթաշենն ու Արաբկիրը՝ մասնավորապես, այն համայնքներն են, որոնք առաջնային են եղել բոլոր տեսակի համապետական ընտրությունների ժամանակ, ինչու ոչ ժամանակին նաև տեղական ինքնակառավարման: Այս համայնքներում քաղաքացիները շատ հաճախ անհամաձայն են և արտահայտում են իրենց պրոտեստային քվերակություններով: Անձնական կարծիք ունեցող առավել թվով քաղաքացիներ են ապրում այս համայնքներում, ովքեր ընտակաշառքի ազդեցությունների տակ առավել քիչ են ընկնում: Ի վերջո, մտավորական, ազնիվ քաղաքացիները, համոզված եմ, իրենց ճիշտ ընտրությունը կկատարեն՝ հօգուտ իրենց իրավունքների ու դիվանագիտական, ազգանպաստ աշխատողի: Այս օրերին արդեն բազմահազար համախոհներ են գալիս իմ գրասենյակ, առաջարկություններ ներկայացնում, ես էլ իրենց եմ ներկայացնում իմ կադրային ռեսուրսները:

Mitk.am

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Գովազդային տարածք